թվականի հունիսի 11-ին Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանն Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում անցկացրեց հանրային լսում՝ «ԱՌՍԹՈՌ» ՍՊԸ-ի կողմից Արմավիր համայնքի Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոց 39 հասցեում «Նորք» բնակելի թաղամասի կառուցման գործունեության վերաբերյալ։
Համայնքի ղեկավարը ներկայացրեց, որ հանրային լսման նպատակն է բնակչությանը ներկայացնել ծրագրի նախագիծը, ազդեցությունը շրջակա միջավայրի վրա` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ. Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։ Իր խոսքում նշանակալից համարեց նման մեծ ծրագրի իրականացումը Արմավիրում, կարևորեց բնակելի նոր թաղամասի կառուցման դրական ազդեցությունը համայնքի զարգացման գործում՝ հատկապես, որ ծրագրի ղեկավարների կողմից հաստատվեց թաղամասում նոր մանկապարտեզի կառուցման գաղափարը։ Ներդրումային ծրագրի ճարտարապետները ներկայացրեցին նախագծային լուծումները, վաճառքի պայմանները, ՇՄԱԳ-ի փորձագետն էլ իր հերթին հավելեց շրջակա միջավայրի վրա փոշու կամ վառելիքի այրման ազդեցության լոկալ և կարճաժամկետ լինելը։ Հանրային լսման մասնակիցների կողմից հնչեցին հարցեր գնային քաղաքականության, կոմունալ մատակարար կազմակերպությունների, հարակից սեփական տների բնակիչների իրավունքների սահմանափակման վերաբերյալ։ Հարցերին ի պատասխան՝ ծրագրի ղեկավարների կողմից նշվեց, որ օրենքով սահմանված բոլոր քաղաքաշինական նորմերը պահպանված են, գնային քաղաքականությունն արդեն որոշված է և փորձելու են հետագայում գնի բարձրացում չկիրառել, ինչպես նաև նորմերին համապատասխան ապահովվելու են կոմունալ բոլոր հարմարությունները՝ առանց վնաս հասցնելու քաղաքի բնակչությանը։
Կառուցողական հարց ու պատասխանից հետո համայնքի ղեկավարն ամփոփեց հանրային լսումը և խոստացավ հետևողականորեն աջակցել նմանօրինակ նախագծերի իրականացմանն Արմավիրում։