2023 թվականի փետրվարի 23-ին Արմավիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ խորհրդակցություն համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարիների և վարչական ղեկավարների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց, որ Արմավիրի համայնքապետարանը համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 26-ի Ν 216-Ա որոշմամբ, համայնքի 2023թ-ի բյուջեում պլանավորել է 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով:
Նա ներկայացրեց, որ, շնորհիվ այս միջոցառման, Արմավիր համայնքի բնակիչները հնարավորություն ունեն հանդես գալու իրենց առաջարկներով, ծրագրային գաղափարներով և համայնքապետարանի հետ համատեղ բարելավելու իրենց բնակավայրերը, ավելի հարմարավետ և գրավիչ դարձնելու համայնքային կյանքը: Միևնույն ժամանակ առաջարկների այս հարթակը քաղաքացիներին հուզող խնդիրները հավաքելու համակարգ է և լուծումների միասնական որոնման միջոց: Այս էլեկտրոնային գործիքը կխթանի բնակիչների անմիջական մասնակցությունը համայնքային որոշումների կայացմանը, համայնքային բյուջեի պլանավորմանն ու կառավարմանը, կբարձրացնի տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունն ու բնակիչների քաղաքացիական պատասխանատվությունը:
Հանձնարարվեց ոլորտային պատասխանատուներին և վարչական ղեկավարներին Արմավիր համայնքի բնակչության շրջանում տանել ակտիվ իրազեկման աշխատանքներ այս ծրագրի հետ կապված: |